Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գայլերը` կուշտ, ոչխարները` ողջ

Գայլերը` կուշտ, ոչխարները` ողջ
07.04.2017 | 11:36

Պատմություն դարձած խորհրդարանական ընտրություններում կրեատիվն այնքան շատ էր, որ հատորներ կարող են լցվել, սակայն մեկ առանձնահատկություն ուղղակի շշմեցնող էր:
Հուլիսյան դեպքերից հետո, երբ հայաստանյան բառացիորեն անամպ ամառային երկնքում «պայթյուն» եղավ, ի դեմս ՊՊԾ շենքի գրավման, երբ դրան նախորդել էր Նորք-Մարաշի զինված խմբի ձերբակալությունը, երբ դեռ ամբողջովին բացահայտված չեն «Սասնա ծռերի» բոլոր «ընդհատակյա» անդամները, հայաստանյան խորհրդարանական ընտրություններին չհաջորդեց որևէ զարգացում: Եվ դա այն դեպքում, երբ իշխող կուսակցությունը ստացավ ոչ միայն բացարձակ մեծամասնություն, այլև շատ ավելին «խփեց»:


Ո՞րն է այս «հանդարտության» պատճառը` միմյանց հարցնում են թե՛ փորձագիտական, թե՛ քաղաքական շրջանակները: Հասկանանք.
ա) Գեոքաղաքական կենտրոնները, եթե ոչ առերես, ապա ներքին ամպլիտուդում կարծես շահագրգիռ չէին Հայաստանում սպասվելիք լարվածությամբ, ցնցումներով: Արևմուտքը որոշակիորեն կարողացել էր հասնել իր նպատակներին` նոյեմբերին սպասվում է ԵՄ-ի հետ նոր «ասոցացման» համաձայնագրի ստորագրումը, ինչի մեկնարկը կտրվի մայիսին, պղտորել այդ ընթացքը մեկ ամիս առաջ, հաստատապես պետք չէր Յուրոփին, մանավանդ որ Հայաստանը, խելամիտ գառան պես, խիստ բալանսավորված պահում է պատշաճ հարաբերություններ թե՛ եվրոպական բոլոր կառույցների, թե՛ ՆԱՏՕ-ի հետ, փորձում է դառնալ օրինակելի մոդել` Եվրասիական միության և ԵՄ-ի միջև:
Արևմուտքին դուր է գալիս, որ ինքը տեխնիկապես «հագեցրել» է հայաստանյան ընտրական գործընթացը, դարձրել այն բավականին թափանցիկ: Արևմուտքը հասկանում է, որ հայ հանրությունը կարող է և ընտրակաշառք վերցնել, այնուհանդերձ, 4+4+4-ը ևս նրա սրտով էր, ավելին պահանջել խելամիտ չէր, չի էլ պատրաստվում: Առայժմ: Կամ` գոնե այս պահին: Քանզի միշտ էլ իր երկարատև դիտորդական առաքելությունների և սպասվող զեկույցների միջոցով կարող է այնպիսի «գնահատականներ» տալ, որ Հայաստանում ՊՊԾ շենք գրավելու նոր ցանկություն առաջանա։


բ) Ռուսաստանը, որը հայաստանյան հետընտրական զարգացումների հիմնական շահառուն է եղել մշտապես, նույնպես չմտավ «խաղի» մեջ, որովհետև իշխանական հիմնական ֆավորիտն իր կողմից «հարգված» վարչապետ Կարեն Կարապետյանն էր, որին օգնելու էր եկել իր մյուս քաղաքացին` Սամվել Կարապետյանը: Եթե սրան հավելում ես խաղի հիմնական մոդերատոր Սերժ Սարգսյանին, որը երբեք չի նեղացնում մայր Ռուսաստանին… ձգենք մի պահ պաուզան` արձանագրելու, որ Ռուսաստանի հայաստանյան հետընտրական պասաժները, միտինգները, լարվածությունը մշտապես նպատակ են հետապնդել թուլացնելու հենց Սերժ Սարգսյանին: Այս անգամ Սերժ Սարգսյանի, իմա` հայաստանյան ներքաղաքական և արտքաղաքական դասավորությունը Ռուսաստանի սրտով էր նաև։
Եվ այնուհանդերձ, դեռ լիովին մարսելի չէ բուռն-խելագար ընտրություններից հետո այս հանդարտությունը` «լռություն փոթորկից առաջ» ենթադրվելիք սցենարով: «Փոթորկի» համար կարող է լինել մեկ բազիս:


գ) Ղարաբաղյան հիմնախնդիր: Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որոնք «Համատեղ ջանք» շրջանակում փորձում են հանդիպում կազմակերպել վերջին շրջանում ռազմական սպառնալից հռետորաբանություն կիրառող հակամարտող երկրների նախագահների միջև (Սերժ Սարգսյանն ասում է` աչքս չեմ թարթի «Իսկանդերը» գործի դնելու հրամանը տալիս, Ալիևն էլ ասում է` «կտրաքացնեմ հայկական ատոմակայանը), այնուհանդերձ, ղարաբաղյան խնդրում այս պահին քիչ հավանական է որևէ տեղաշարժ կամ փոփոխություն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ